ԱՄՆ նախկին ԿՀՎ տնօրենը նշել է ժամանակակից պատերազմում հաղթելու երեք հիմնական պայման
ԱՄՆ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն, գեներալ Դևիդ Պետրեուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է վերանայի իր պաշտպանական քաղաքականությունը և դասեր քաղի Ուկրաինայի հակամարտությունից՝ ժամանակակից պատերազմներին ավելի արդյունավետ պատրաստվելու համար։ Այդ մասին նա գրել է The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում։
Պետրեուսի գնահատմամբ՝ ապագա պատերազմների ելքը դժվար թե որոշվի մեկ տեխնոլոգիական առավելությամբ, մեկ տեսակի սպառազինությամբ կամ մեկ խոշոր ռազմական գործողությամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը ցույց է տվել ճկուն մարտավարության և անօդաչու համակարգերի աճող նշանակությունը։
Նախկին ԿՀՎ տնօրենը առանձնացրել է երեք հիմնական դաս։ Առաջինը՝ միայն բարձր տեխնոլոգիական զենքը բավարար չէ․ արդյունավետ ռազմական համակարգը պետք է հիմնված լինի անօդաչու սարքերի, հրթիռային միջոցների և պաշտպանական արդյունաբերության միասնական փոխգործակցության վրա։ Երկրորդը՝ ազգային ենթակառուցվածքների պաշտպանությունը դարձել է ռազմավարական առաջնահերթություն, քանի որ դրանք այլևս չեն համարվում ապահով թիկունք և կարող են դառնալ առաջնային թիրախներ։ Երրորդը՝ ժամանակակից պատերազմներում վճռորոշ նշանակություն ունի բանակի արագ հարմարվելու և մարտավարությունը կարճ ժամանակում փոխելու կարողությունը։
Պետրեուսը նախկինում ևս նշել էր, որ ապագայի պատերազմների բնույթը մեծապես պայմանավորված կլինի անօդաչու թռչող համակարգերի լայնածավալ կիրառմամբ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել