Խանդանյան․ Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու հեռանկար չի տեսնում
Քաղաքական
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցին՝ մեկնաբանելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովում կարող է քննարկվել կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքի սահմանափակման հարցը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություն կա, Խանդանյանը նշել է, որ որևէ փոփոխություն չի եղել։
«Հայաստանը մի քանի տարի առաջ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, և այս պահին մենք հետդարձի ճանապարհ չենք տեսնում։ Կհետևենք կազմակերպության ներսում տեղի ունեցող զարգացումներին և ի գիտություն կընդունենք գործընկերների կողմից կայացված որոշումները, սակայն չեմ կարծում, որ կա որևէ հանգամանք, որը կարող է ստիպել Հայաստանին ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,– ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ այն խնդիրները, որոնց պատճառով Հայաստանը սառեցրեց իր անդամակցությունը կազմակերպությանը, մինչ օրս լուծված չեն։
«Մենք չենք տեսել նույնիսկ քաղաքական մակարդակով այնպիսի հայտարարություն, որը կդատապարտեր 2022-2023 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ոտնձգությունները»,– ընդգծել է Խանդանյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք անհանգստացնող են ՀԱՊԿ-ի շրջանակում հնչող հայտարարությունները, նա նշել է, որ իրավիճակն այսօր էականորեն փոխվել է։
«Այս ընթացքում տեղի են ունեցել կարևոր գործընթացներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։ Սահմանազատման գործընթացը շարունակվում է, և եթե նույնիսկ ՀԱՊԿ-ի կողմից որևէ հայտարարություն կամ որոշում ընդունվի, այն, իմ կարծիքով, կլինի ժամանակավրեպ»,– ասել է պատգամավորը։
Խոսելով նաև այն սցենարի մասին, եթե Հայաստանը հեռացվի ՀԱՊԿ-ից, Խանդանյանը նշել է, որ այդ դեպքում ստեղծված իրավիճակը պետք է գնահատվի և հաշվի առնվի կազմակերպության ու անդամ պետությունների հետ հետագա հարաբերությունների ձևավորման ընթացքում։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է