Լոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնի արևելքում իրականացված խոշոր գործողության ընթացքում առգրավել է 893 կիլոգրամ ենթադրյալ կոկաին։ Թմրանյութի զգալի մասը թաքցված է եղել նարինջների արկղերում՝ Նյու Սփիթալֆիլդսի մեծածախ շուկայում։ Գործողության շրջանակում ձերբակալվել է ութ տղամարդ։ Այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել է Լոնդոնի Մետրոպոլիտեն ոստիկանությունը։
Ոստիկանության տվյալներով՝ հինգ տղամարդ՝ 27, 33, 41, 43 և 58 տարեկան, ձերբակալվել են նոյեմբերի 22-ի երեկոյան՝ Լեյթոն շրջանում գտնվող շուկայում։ Նրանց կասկածում են Ա դասի թմրամիջոցների ապօրինի մատակարարման դավադրության մեջ։
Եվս մեկ՝ 44-ամյա տղամարդ ձերբակալվել է շուկայի մերձակայքում։ Նրա մոտ հայտնաբերվել է մոտ 100 կիլոգրամ ենթադրյալ թմրանյութ։ Առանձին խուզարկություն է իրականացվել նաև Հերթֆորդշիրի Չեշանթ բնակավայրում գտնվող հասցեում, որտեղ ձերբակալվել է 48-ամյա տղամարդ, իսկ ոստիկանները հայտնաբերել են մոտ 450 հազար ֆունտ ստերլինգ կանխիկ գումար։
Հետաքննության շրջանակում ոստիկանները կանգնեցրել են նաև Մեյդսթոնի մոտակայքում ընթացող բեռնատար։ Այն տեղափոխվել է Դովեր, որտեղ զննման արդյունքում առգրավվել է ևս շուրջ 250 կիլոգրամ ենթադրյալ կոկաին։ Ձերբակալվել է նաև բեռնատարի 50-ամյա վարորդը։
Մետրոպոլիտեն ոստիկանության հետաքննությունը կենտրոնացած է եղել Միացյալ Թագավորություն Ա դասի թմրամիջոցներ ներմուծող կազմակերպված հանցավոր խմբի գործունեության բացահայտման վրա։ Քննության ղեկավար, տեսուչ Լինդսի Բիլանին նշել է, որ առգրավված թմրանյութի արժեքը կարող էր կազմել միլիոնավոր ֆունտեր, իսկ գործողությունը լուրջ հարված է հասցրել հանցավոր ցանցին։
Բոլոր ութ ձերբակալվածները շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ հետաքննությունը՝ ընթացքի մեջ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը