Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը
Սպորտ
Չինաստանի Շանհայ քաղաքում նոյեմբերի 21-ին բացվել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին նվիրված CR7 թանգարանը։ Թանգարանի մուտքի մոտ տեղադրվել է ֆուտբոլիստի 7 մետր բարձրությամբ արձանը, որը կազմակերպիչների ներկայացմամբ՝ Ռոնալդուին նվիրված աշխարհում ամենաբարձր ամբողջական արձանն է։ Այն պատկերում է մարզիկին իր հայտնի «Siu» գոլային տոնակատարության պահին։
Թանգարանը զբաղեցնում է շուրջ 3000 քառակուսի մետր տարածք և տեղակայված է Նանջինգ փողոցի Shanghai No. 1 Shopping Center առևտրային կենտրոնում։ Ցուցադրությունը ներառում է 10 թեմատիկ գոտի և 15 ինտերակտիվ միջավայր, որոնք ներկայացնում են Ռոնալդուի ճանապարհը՝ Մադեյրայում անցկացրած մանկությունից մինչև համաշխարհային ֆուտբոլի աստղ դառնալը։
Այցելուները կարող են տեսնել ավելի քան 50 ցուցանմուշ՝ գավաթներ, մարզաշապիկներ, խաղակոշիկներ և անձնական իրեր։ Դրանց թվում են 2008 թվականի «Ոսկե գնդակը», Եվրոպայի առաջնության գավաթը և «Ռեալ Մադրիդում» Ռոնալդուի 350-րդ գոլին նվիրված ստորագրված մարզաշապիկը։ Ցուցանմուշների մի մասը Չինաստանի մայրցամաքային հատվածում առաջին անգամ է ներկայացվում։
Թանգարանում ստեղծվել են նաև Ռոնալդուի կյանքի տարբեր փուլերը վերարտադրող տարածքներ՝ ներառյալ «Սպորտինգի» երիտասարդական թիմում նրա բնակության սենյակի կրկնօրինակը և «Ալ Նասրի» հանդերձարանի ու խաղադաշտ տանող միջանցքի վերակառուցումները։
Առանձին ինտերակտիվ գոտում այցելուները կարող են փորձել հետ մղել 2018 թվականին «Յուվենտուսի» դեմ Ռոնալդուի կատարած հայտնի շրջադարձ հարվածը նմանակող գնդակը։
Թանգարանը նախատեսվում է գործարկել շուրջ մեկ տարի, իսկ յոթմետրանոց արձանը կցուցադրվի մինչև դեկտեմբերի վերջ։ Նախագծի կազմակերպիչները հույս ունեն, որ այն կդառնա Շանհայի նոր զբոսաշրջային գրավչություններից մեկը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը