Չի թույլատրվում ժամը 22:00-ից հետո ակցիա անցկացնել Ազատության հրապարակում
Հասարակություն
Ազատության հրապարակում 2016 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 25-ն իրականացվելիք հավաքների վերաբերյալ Երևանի քաղաքապետը կիրառել է ժամային սահմանափակում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես, ժամը 22:00-ից հետո Ազատության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել: Երևանի քաղաքապետի որոշումներում արտահայտված դիրքորոշումների օրինականությունը ստուգված է ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0791/05/16 վարչական գործով ընդունված և ուժի մեջ մտած դատական ակտով:
Ոստիկանությունն արդեն իսկ հայտարարել է, որ գիշերվա ժամերին հավաքի անցկացման վայրերում արձանագրվել են իրավախախտումների դեպքեր, այդ թվում' անչափահասների մասնակցությամբ: Բացի այդ, գիշերվա ժամերին իրազեկումների մեջ նշված շուրջ 2000 անձանց մասնակցությամբ հավաքների անցկացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու ապահովել «Հավաքների ազատության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը:
«Մեր քաղաքացիներին խնդրում ենք հարգանքով վերաբերվել վարչական ու դատական ակտերի պահանջներին, անտարբեր մնալ անհնազանդություն ցուցաբերելու' կոնկրետ անձանցից հնչող կոչերին: Հիշեցնում ենք, որ նման կոչերն օրինականությունը խախտելու քարոզչության դրսևորումներ են, և ունենալու են իրավական հետևանքներ:
Ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում ապահովելու է Երևանի քաղաքապետի' ի գիտություն ընդունված որոշման պայմաններով մեր քաղաքացիների' կարծիք արտահայտելու իրավունքի իրացումը: Միաժամանակ, իրավախախտումների յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունն արձագանքելու է դրանց հանրորեն վտանգավորության բնույթին համաչափ, այդ թվում' հարկադրանքի կազմակերպված գործադրմամբ»,-նշված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ