Դավիթ Հարությունյան. ԸՕ-ն շուտով կսկսի քննարկվել Ազգային ժողովում
Քաղաքական
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ նոր ԸՕ-ի հետ կապված յուրաքանչյուր առաջարկ պետք է քննարկվի, և իրենք շուտով խորհրդարանում կսկսեն քննարկումները: Նշեց, որ մի շարք հանդիպումներ են նշանակված, այդ ժամանակ էլ կքննարկեն, և ըստ քննարկումների արդյունքի որոշում կկայացվի:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ Դավիթ Հարությունյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ իրենց կարծիքն անփոփոխ է, բայց հաշվի են առնվելու այն հարցադրումները, որոնք հնչել են մինչև հիմա, որոշել են լրացուցիչ մեխանիզմներ ընդգրկել օրենսգրքում:
«Թե՛ վստահվանձ անձանց, թե՛ դիտորդներին հնարավորություն ընձեռնելն է՝ ծանոթանալու ցուցակներին իրենց դիմումի հիման վրա: Կարծում ենք՝ դա լրացուցիչ երաշխիք է, և եթե դա ընդունելի լինի, կգնանք առաջ: Եթե համարեն, որ տրամադրված ժամկետը ծանոթանալու համար քիչ է, կքննարկենք»,- ասաց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է լրագրողների մուտքն ընտրատարածք սահմանափակող դրույթին, Հարությունյանն ասաց, որ այն հնարավոր է վերանայվի, այդ առումով իրենք սպասում են առաջարկների:
Մենք չենք ուզենա, որ լինեն կեղծ դիտորդներ, կեղծ ներկայացուցիչներ, իբրև թե ԶԼՄ-ներից, այդ պատճառով առաջարկել էինք այդ մեխանիզմը: Օրինակ՝ Խաչատուր Քոքոբելյանն առաջարկել է լրագրողների հավատարմագրումը: Լրագրողը պետք է փաստաթուղթ ներկայացնի, որ վճարել է առնվազն եկամտահարկ, որպես այդ ԶԼՄ-ի ներկայացուցիչ: Խնդիրն այն է՝ դա ընդունելի՞ է լրագրողական հանրության համար, թե՞ ոչ:
Մենք այդտեղ մտահոգություն ունենք, դրույթն ինքնանպատակ չէ: Կա վտանգ, որ թեկնածուները, ովքեր չունեն վստահված անձինք, կփորձեն օգտագործել ԶԼՄ-ները, տեղական դիտորդի կարգավիճակը»,- ասաց Հարությունյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը