«Եթե դուք իմանաք՝ Ադրբեջանն էլ կիմանա». ՊՆ փոխնախարարը՝ լրագրողներին
Քաղաքական
ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը վստահեցնում է հանրությանը, որ Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ձևավորելու համաձայնագրով Հայաստանը ձեռք է բերում լրացուցիչ ռեսուրսներ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում փոխնախարարը աբսուրդ որակեց պնդումները, թե Հայաստանն այդ համաձայնագրով իր հակաօդային պաշտպանության համակարգը զիջում է Ռուսաստանին: «Մենք արդեն երկու օր քննարկում ենք այս համաձայնագիրը, սակայն նման հարցադրումները շարունակում են հնչել: Դա աբսուրդ է, իրականության հետ կապ չունի: Մենք որևէ բան չենք զիջում, այլ ձեռք ենք բերում լրացուցիչ հնարավորություններ»,-ասաց Նազարյանը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ Ռուսաստանն իր պայմանավարվածությունը չի կատարի, ինչպես մյուս պայմանագրերի դեպքում, Նազարյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ պատասխանի ակնկալիք ունեք, բայց ես մեկ անգամ ևս մեր հանրությանը վստահեցնում եմ, որ այս համաձայնագրով մենք ձեռք ենք բերում լրացուցիչ ռեսուրս՝ հակաօդային պաշտպանության կազմակերպման գործում»:
Լրագրողներից մեկի հարցին, թե երբ է ռուսական կողմը կատարելու վարկային համաձայնագիրը, Նազարյանը հայտարարեց, թե պետք չէ, որ լրագրողները դրա մասին իմանան: «Եթե դուք իմանաք՝ Ադրբեջանն էլ կիմանա»,- հայտարարեց Նազարյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ