Ազատության հրապարակում երթն ավարտվեց (ուղիղ միացում)
Հասարակություն
23:00
«Ազատության» հրապարակում ավարտվեց ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի կազմակերպված երթը։ Ցուցարաները պայմանավորվեցին վաղը ժամը 19:00-ին կրկին հավաքվել նույն վայրում:
21.47
Ազատության հրապարակում ի աջակցություն «Սասնա ծռերի» հանրահավաքի մասնակիցները երթ են անում կենտրոնի փողոցներով։
Ի սկզբանե որոշված էր քայլերթով գնալ ԱԱԾ-ի շենքի մոտ, սակայն հավաքի կազմակերպիչները նշեցին՝ քանի որ ուշ ժամ է, և բոլոր պետական կառույցները փակ են, դեպի պետական կառույցներ քայլերթն հետաձգվում է: Հավաքվածները որոշեցին քայլերթ անցկացնել. Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով, Հանրապետության հրապարակով, հետո վերադառնալ «Ազատության» հրապարակ:
20:00
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցողներն իրենց դիտարկումներն ու պահանջներն են ներկայացրել երևանյան վերջին իրադարձությունների առնչությամբ: Միաժամանակ հավաքվածները պահանջեցին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին, իսկ ՊՊԾ գունդը գրաված զինյալներից Պավել Մանուկյանին՝ տեղափոխել Էրեբունի հիվանդանոց:
Հասարակությանը հայտնի անձանցից ելույթ ունեցան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնեսյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը և այլք:
Ելույթ ունեցողները կարևորեցին հասարակության հետագա ակտիվության պահպանումը և համակարգված գործունեությունը:
Հիշեցնենք, որ Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց՝ պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27-ին նրանք կրկին պատանդ են վերցրել բուժօգնության հասած բուժաշխատողներին:
Հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը:
Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել:
Այսօր ժամը 19:00-ին հայտարարված էր հանրահավաք Ազատության հրապարակում. այս պահին հրապարակը մարդաշատ չէ.


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)