Հոնկոնգում մոլեգնում է «Նիդա» թայֆունը, փակվել են դպրոցներն ու գրասենյակները
Աշխարհ
«Նիդա» խաղաղօվկիանոսյան թայֆունը հարվածել է Հոնկոնգին՝ կաթվածահար անելով մեգապոլիսի կյանքը: Վատ եղանակի պատճառով օգոստոսի 2-ին այստեղ փակ են դպրոցները, պետական հիմնարկությունները, բանկերը և գրասենյակները: Առավոտյան սակարկություններ չեն անցկացվում ֆոնդային սակարանում:
Անցած գիշեր քաղաքում մոլեգնել են արևադարձային տեղատարափ անձրևներն ու փոթորկալի քամին՝ ժամում մինչև 158 կիլոմետր պառթկումներով: Տեղական դիտարանը հայտարարել է փոթորկի նախազգուշացման 8-րդ ազդանշանը՝ ըստ տասբալանոց սանդղակի:
Չեկ Լապ Կոկ միջազգային օդանավակայանում չեղարկվել են 156 և հետաձգվել ևս 290 ավիաչվերթեր: Սաստիկ ալեկոծության պատճառով դադարեցված է լաստանավային հաղորդակցությունը, այդ թվում՝ Մակաոյի և մայրցամաքային Չինաստանի ափամերձ քաղաքների հետ: Ըստ Հոնկոնգի հեռուստատեսության հաղորդման՝ փոթորկալի քամին տապալել է տասնյակ ծառեր, պոկել գովազդային վահաններ: Տուժածներ չկան:
Ներկայում արևադարձային ցիկլոնն աստիճանաբար հեռանում է Հոնկոնգից՝ շարժվելով հյուսիս-արևմտյան ուղղությամբ դեպի Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի խորքը: Գուանդունում հայտարարվել է հեղեղման վտանգի ամենաբարձր մակարդակը, փակ են դպրոցները, չեն աշխատում արդյունաբերական ձեռնարկությունները: Բնակչությանը պատվիրված է անհրաժեշտ ամեն ինչի երեք օրվա պաշար տեսնել և դուրս չգալ փողոց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում