Շավարշ Քոչարյանը դժվարանում է ասել, թե «Սասնա ծռերի» գործողությունները ինչպես կազդեն ԼՂ հիմնախնդրի վրա
Քաղաքական
Այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Սասնա Ծռեր զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը և Արցախի ամբողջականության պահպանմանն ուղղված պահանջին:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ հարցին, թե «Սասնա ծռերի» գործողություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ԼՂ բանակցությունների վրա, ասաց. «Պահանջներից մեկը, որը նրանք բարձրացրել էին, նաև կապված էր ղարաբաղյան հիմնախնդրի հետ, դա կա: Թե ինչպես դա կազդի, դժվարանում եմ ասել»:
Քոչորյանը խուսափեց մանրամասնել, թե հատկապես ինչպես կարող է ազդել այդ գործողությունները ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում, Քոչարյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել»:
Փոխնախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների կողմերն աշխատում են վստահության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ: Ներկայում օրակարգում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումն է, որոնք առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և համաձայնեցվել են մայիսի 16-ին, Վիեննայում:
«Խոսքը, մասնավորապես, շփման գծում սադրանքները դադարեցնելու մասին է: Բանակցություններն ընթանում են, բայց ակնհայտ է՝ Ադրբեջանը ինչի մասին խոսում է բանակցությունների սեղանի շուրջ, հետո լրիվ այլ բաներ է ներկայացնում։ Ակնհայտ է, որ արդեն քայլեր են կատարվում այդ բանակցությունների արդյունքները վիժեցնելու ուղղությամբ, ինչն առաջին անգամ չէ»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա՝ ամեն ինչ շատ հստակ է՝ կա երկու հարթություն. մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։ «Դա վերաբերում է նրան, որ ստեղծվի վստահության որոշակի մթնոլորտ, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ և այլն։ Դա վերաբերում է նաև այն մեխանիզմներին, որոնք առաջարկել են համանախագահող երկրները, և պետք է այդ ուղղությամբ աշխատանք կատարվի: Երկրորդ հարթությունը բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել այն դեպքում, երբ այս բոլոր հարցերը լուծվեն»,- ասաց փոխարտգործնախարարը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ