Արծվիկ Մինասյանի համար ցանկալի չէ Էկոնոմիկայի նախարարության վերակազմավորումը
Քաղաքական
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի համար ցանկալի չէ իր գլխավորած գերատեսչությունը ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարության վերակազմավորելու նախաձեռնությունը: «Բնականաբար,որպես էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի, ինձ համար ցանկալի չէ «էկոնոմիկա» բառը հանելը, առավել ևս, որ ես էկոնոմիկան պատկերացնում եմ, որպես ավելի լայն, քան ներդրումներն են կամ ձեռնարկատիրության աջակցությունը»,- կառավարության նիստում նշեց Մինասյանը՝ ավելացնելով, որ իրեն մտահոգում են մի քանի հարցեր, որոնք այսօր էկոնոմիկայի նախարարության տիրույթում են, բայց անվանման մեջ դրանք չեն երևում:
«Մասնավորապես՝ առևտրի հատվածը, արտաքին առևտուրը, որը ներդրումների հետ միասին համարվում է մեր երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժը: Գուցե այն այլ նախարարություն է գնալու, կամ մնալու է, կխնդրեի, որ անվանման մեջ այդ շեշտադրումը լինի»,- ասաց Արծվիկ Միանսյանը՝ հավելելով, որ Էկոնոմիկայի նախարարության ենթակայությունից ՏՏ ոլորտը Կապի և տրանսպորտի նախարարության ենթակայությանը հանձնելը նույնպես իր համար ցանկալի չէ:
«Բարձր գնահատելով կապի և տրանսպորտի նոր նախարարի բարձր կարողությունները և նրա վերաբերյալ դրական կարծիքը՝ ՏՏ ոլորտում, ցանկալի է,որ այդ ոլորտը չդիտարկվի որպես զուտ ծառայությունների ոլորտ, որովհետև ՏՏ ոլորտը ներկայումս ընկալվում է որպես արդյունաբերություն»,- ընդգծեց Մինասյանը:
Արձագանքելով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ «էկոնոմիկա» բառն է ընդամենը հանվում նախարարության անվանումից, սակայն գործառույթը մնում է: «Մենք ընդամենն ակցենտն ենք փոխում, որ ներդրողը հասկանա՝ ինչ հասցեով պետք է դիմի: Նախարարության անվանման մեջ չկա «առևտուր» բառը, բայց Էկոնոմիկայի նախարարության մեջ էլ չկա առևտուր բառը, բայց ձեր նախարարությունը զբաղվում էր չէ՞ առևտրով»,- նկատեց Կարապետյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ