Էջմիածնում 10.000 լցոնման մասին շրջանառվող լուրերը անհիմն են. Տիգրան Մուկուչյան
Քաղաքական
Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին մանրամասներ ներկայացրեց ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ:
Նշենք, որ ընտրություններ տեղի ունեցան 5 մարզում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Սյունիք և Տավուշ:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ 179 համայնքում գործող ղեկավարը վերընտրվել է, 30-ում՝ չի ընտրվել, իսկ 20 համայնքում չի առաջադրվել:
Ընդունվել է վերահաշվարկի մասին 144 դիմում, որոնցից 142-ը՝ դիտորդական կազմակերպությունների կողմից:
Մուկուչյանի խոսքով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովն օպերատիվ կերպով արձագանքել է բոլոր դիմումներին: Գրանցվել է քվեաթերթիկները դուրս բերելու 2 դեպք:
Ըստ Մուկուչյանի՝ կատարվածը նորություն չէ, նորություն է առաջացրած զարմանքը:
Նա խոստովանեց, որ կարգը, գուցե, կատարյալ չէ, բայց իրավական է: Գրանցվել է այլ անձանց փոխարեն քվեարկելու 22 դեպք, որոնց նույնպես ԿԸՀ-ն օպերատիվ արձագանքել է:
Գրանցված դեպքերի մեծամասնության դեպքում ընտանիքի անդամները քվեարկել են միմյանց փոխարեն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու էր ԿԸՀ-ն մերժում շատ դիմումներ, Մուկուչյանը պարզաբանեց, որ կային ոչ պատշաճ լրացված դիմումներ, որոնցից հասկանալի չէր, թե կոնկրետ որ համայնքի կամ տեղամասի մասին է խոսքը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե Էջմիածնում կատարված դեպքերից հետո, արդյոք հարկավոր չէր հետաձգել ընտրությունը՝ հաշվի առնելով, որ թեկնածուներից մեկը հիվանդանոցում էր, Մուկուչյանը պատասխանեց՝ «Հետաձգելու կամ չեղյալ հայտարարելու հետ կապված ոչ մի դիմում չի ստացվել»:
Կատարված շուրջ 10.000 լցոնման մասին շրջանառվող լուրերը Տիգրան Մուկուչյանը որակեց որպես անհիմն և նշեց, որ խախտման վերաբերյալ ցանկացած դիմում արձագանք է ստացել:
Իսկ այն հարցին, թե արդյոք Էջմիածնի ընտրությունները համարում է լեգիտիմ, Մուկուչյանը պատասխանեց, որ հակառակ դիրքորոշման համար հիմքեր չունի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ