Արգելի գյուղապետը նախատեսում է ևս 20 տարի պաշտոնավարել
Քաղաքական
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, համայնքի ղեկավար են ընտրում Կոտայքի մարզի Արգել գյուղում: Այստեղ գյուղապետի պաշտոնի համար պայքարում են գործող գյուղապետ ՀՀԿ-ական Մաթևոս Ավագյանը և անկուսակցական Աշոտ Նալբանդյանը, ով նախկինում 22 տարի աշխատել է ոստիկանության համակարգում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, գործող գյուղապետ Մաթևոս Ավագյանն ասաց, որ ընտրություն է կատարել հանուն իր գյուղի, հանուն հասարակության բարօրության:
Նշեց, որ արդեն 17 տարի է, ինչ ինքն Արգելի գյուղապետն է և նախատեսում է ևս 20 տարի զբաղեցնել այդ պաշտոնը:
«Հույս չունենաք, որ այս գյուղը կհանձնեմ ոչ արժանի մարդու: Իմ հակառակորդը բացարձակ այդ արժանիքը չունի»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե իր հակառակորդ թեկնածուն՝ Աշոտ Նալբանդյանը, տարբեր հարցազրույցներում հայտարարել է՝ պաշտոնավարման 17 տարվա ընթացքում գյուղը միայն հետընթաց է ապրել, Ավագյանը պատասխանեց.
«Եթե ինքն ընդհանրապես գյուղից տեղյակ չէ՝ ինչ իմանա՝ գյուղում ինչ է կատարվել: Իմ գյուղի ցանկացած բնակիչ կարող է կարծիք հայտնել՝ բացի իրենից, որովհետև ինքը գյուղում չի բնակվում, 4-5 ամիս գյուղ եկողը չի կարող իմանալ՝ ինչ է կատարվում»,- ասաց համայնքի ղեկավարի թեկնածու Մաթևոս Ավագյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ