Բակո Սահակյանը շնորհավորել է ուսուցիչների մասնագիտական տոնը
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ' տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով: Երախտագիտություն՝ այն կարեւոր ու դժվարին աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք' կրթելով ու դաստիարակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք գիտելիքի հանդեպ, օգնելով առաջին քայլերն անել կյանքում եւ դառնալ լավ մարդ ու քաղաքացի: Դրանով իսկ դուք կերտում եք մեր պետության ու ժողովրդի ապագան, ինչը հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է:
Մեզնից յուրաքանչյուրն ունի սիրելի ուսուցիչ եւ իր ամբողջ կյանքի ընթացքում վառ է պահում նրա ու դպրոցական տարիների հետ կապված հիշողությունները: Այդ հիշողությունները ջերմացնում են մեր հոգիները եւ իրենց ուրույն հետքը թողնում մեր հետագա գործունեության վրա:
Կարեւորելով ուսուցչի առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում՝ պետությունը միշտ բարձր է գնահատում նրա աշխատանքը եւ հատուկ ուշադրության կենտրոնում պահում կրթության ու գիտության ոլորտում առկա խնդիրները, անում հնարավորը հայրենասեր, կիրթ ու զարգացած սերունդ դաստիարակելու համար:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան