Բանակը կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում. ՊՆ նախարար
Քաղաքական
Նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոստովանեց, որ երկար տարիներ լինելով կառավարման ոլորտում՝ առաջին անգամ է մասնակցում ԱԺ հարցուպատասխանին:
Նախարարը նշեց, որ Կառավարության ծրագրում ավելի ամբողջական կներկայացվի պաշտպանության ոլորտի տեսլականն ու ծրագրերը և տեղեկացրեց, որ այսօր առիթ են ունեցել կառավարութան կազմով ներկայացնել 25-րդ տարում ազգային բանակի գոյության առաջնահերթությունները, որոնք հիմնված են ԶՈւ և բանակի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի տեսլականի վրա:
«Հաշվի առնելով այն, թե որ իրողության ու տարածաշրջանում է գտնվում մեր պետությունը, հաշվի առնելով բոլոր այն քաղաքական մարտահրավերները, որոնք այսօր կան, ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մի մասը, պետք է հասկանալ երկու կարևորագույն գործոն. Առաջինը՝ ինչ պետք է անել, որպեսզի բանակը տնտեսության համար շատ ծանր բեռ լինելուց բացի, դառնա այդ տնտեսության առաջատարն ու շոգեքարշը»,- պատասխանելով Լևոն Մարտիրոսյանի հարցին՝ նշեց նա:
Նախարարը շեշտեց, որ այդ գործում պետք է ընդգրկել ոչ միայն նրանց, ովքեր ԶՈւ-ում են ծառայում, այլ ողջ ազգաբնակչությանը, որոնք բանակի հետ կապված ծրագրեր ունեն՝ գիտահետազոտական, գիտական, տնտեսական, արդյունաբերական: «Այդ ժամանակ բանակը կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում»,-ասաց նա:
Երկրորդ կարևոր բաղադրիչը, ըստ նրա, այն կլինի, որ բանակը պարզապես հասարակության հայելին դառնալուց բացի, լինի հասարակության դպրոցն ու դարբնոցը:
«Այսինքն՝ բանակից զորացրվող զինվորը պետք է լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ ու մարտունակ, քան այն երիտասարդը, որ զորակոչվում է բանակ: Սա է լինելու առաքելությունը, և ԱԺ-ի հետ դրա համար պետք է իրավական հիմք ու գործնական քայլեր ձեռնարկենք, որ օրենսդրությունը դառնա իրականություն»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ