Սպասվում են նոր փոփոխություններ կառավարության և ՀՀԿ ղեկավար մարմնի կազմում
Քաղաքական
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը պայմանավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից փետրվարին արված հայտարարությամբ, որտեղ նախագահ Սարգսյանն ասել էր, թե ձևավորվում է նոր քաղաքական համակարգ, և սկսվում է նոր քաղաքական մշակույթի արմատական գործընթաց:
«Փոփոխությունը պայմանավորված է նոր մոտեցումների, նոր պահանջների, նոր փիլիսոփայության հանգամանքներով, որոնց մասին խոսել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս փետրվար ամսին: Դուք տեսաք ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը, այլև լուրջ և ռադիկալ փոփոխություններ կառավարության կազմում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ նշելով նաև, որ սպասվում են նոր փոփոխություններ կառավարության և ՀՀԿ ղեկավար մարմնի կազմում: «Չեմ բացառում, որ այստեղ էլ փոփոխություններ լինեն»,- հավելեց նա:
Շարմազանովը չմանրամասնեց, թե խոսքը մասնավորապես ինչ փոփոխությունների մասին է գնում, բայց ընդգծեց, որ սա բնական գործընթաց է, որին պետք չէ բացասաբար վերաբերվել:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի անձին՝ պատգամավորը շեշտեց, որ ինքը բարոյազգացմունքային գնահատականներ չի տալիս և նշեց. «Վատի ու վատագույն գնահատական չեմ տալիս, բայց սկսել ենք ավելի արդյունավետ աշխատել»:
Դիտարկմանը՝ Սուրիկ Խաչատրյանի անունը մշտապես շոշափվում էր աղմկահարույց դեպքերի հետ, մշտապես դժգոհ են եղել նրանից և դա եղել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կամքը, Շարմազանովը չհամաձայնեց. «Առհասարակ այս աշխարհում ինչ որ լինում է, լինում է Աստծո կամքով: Եվ, բնականաբար, վարչապետի, նաև ՀՀ նախագահի առաջնահերթություններից մեկն էլ այս փոփոխություններն էին: Չեմ ցանկանում կոնկրետ այդ անձի վրա կենտրոնանալ, բայց մենք տեսանք, թե ինչպիսի լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, որոնք պայմանավորված չեն զուտ միայն անձերով»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ