ԿԸՀ-ն բաց է լինելու օբյեկտիվ քննադատության համար
Քաղաքական
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև դրված է բարդ խնդիր՝ կյանքի կոչել Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Ազգային ժողովի կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո իր ելույթում այս մասին ասաց Տիգրան Մուկուչյանը: «Խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է փնտրել և գտնել նոր լուծումներ, որպեսզի ընտրական գործընթացները համապատասխանեն նոր ընտրական օրենսգրքին»,- նշեց Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը հավաստիացրեց, որ հանձնաժողովը բաց է լինելու օբյեկտիվ քննադատության համար՝ գիտակցելով, որ ցանկացած օբյեկտիվ քննադատություն նպաստում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Տիգրան Մուկուչյանն իր և հանձնաժողովի նորընտիր անդամների անունից շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ վստահության համար՝ ընդգծելով, որ շատ լավ գիտակցում են այն բարձր պատասխանատվության աստիճանը, որը դրված է լինելու իրենց վրա:
Ազգային ժողովը ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրել է Տիգրան Մուկուչյանին: ԿԸՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 96, դեմ՝ 4 պատգամավոր: Հանձնաժողովի անդամներ են ընտրվել Լաուրա Գալստյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Գիորգի Մարտիրոսյանը, Սեյրան Շահսուվարյանը և Արմեն Սմբատյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ