Արտյոմ Սիմոնյանը` «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ
Սպորտ
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը պայմանագիր ստորագրեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, ով արդեն առաջին մարզումն է անցկացրել մեր թիմի կազմում: Տեղեկացնում է հայկական ակումբի կայքը:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքը պատկանում էր շվեյցարական «Ցյուրիխ»-ին, վարձավճարով հանդես էր գալիս տեղի «Լե Մոն» թիմում:
2015-ին «Ցյուրիխ» տեղափոխվելուց առաջ 22-ամյա ֆուտբոլիստը երկու մրցաշրջան է անցկացրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի կազմում, հանդիսացել է ռուսական ակումբի երկրորդ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, մասնակցել պատանեկան Չեմպիոնների լիգային: «Զենիթ»-ի պորտուգալացի նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի նախաձեռնությամբ Սիմոնյանը մի շարք մարզումներ է անցկացրել ակումբի գլխավոր թիմի կազմում, հայտնվել է թիմի հայտացուցակում:
Արտյոմ Սիմոնյանը հանդես է եկել Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, հանդիսացել է երիտասարդական հավաքականի ավագը, որի կազմում խաղացել է նաև Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Ազգային հավաքականում տաղանդավոր կիսապաշտպանը իր նորամուտը նշել է Ֆրանսիայի հավաքականի հետ, 2014-ի հոկտեմբերին կայացած խաղում և հիանալի տպավորություն է թողել:
«Ուրախ եմ, որ պայմանագիր եմ ստորագրել «Ալաշկերտ»-ի հետ: Թիմում հիանալի ընկերական մթնոլորտ է: Ծանոթ եմ մի քանի ֆուտբոլիստների հետ, իսկ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ հանդես եմ եկել երիտասարդական հավաքականում: Շատ դրական եմ տրամադրված: Կներդնեմ ամբողջ ուժերս` «Ալաշկերտ»-ի հաջողություններում իմ ավանդն ունենալու համար»,- նշեց Սիմոնյանը պայմանագրի ստորագրումից հետո:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը