Երբ փոխվում են հին սովորույթները
Բլոգոսֆերա
Ռուբեն Շուխյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
Հիմա, երբ հետադարձ հայացք ես գցում, տեսնում ես, թե մի քանի տասնամյակների ընթացքում ներկայումս արդեն տարօրինակ թվացող որքան սովորույթներ են փոխվել մեր մոտ և այժմ դարձել միայն պատմություն: Եվ դա լավ է. հասարակությունը չի կարող միշտ ամորֆ ու քարացած մնալ, և նորը միշտ պետք է գա ու փոխարինի հնին:
Ճիշտ է, տխուր թեմայով եմ հիմա խոսելու, բայց իմ սերունդն, օրինակ, կհիշի, թե սովետական տարիներին ինչ մեծ ծիսակարգով էին ընթանում քաղաքներում, կոնկրետ՝ Երևանում, թաղման արարողակարգերը: Նախ, և հոգեհանգիստն էր կատարվում տանը, և հոգեհացն էլ տրվում հանգուցյալի տանը, և այլ կերպ այն ժամանակ ուղղակի հնարավոր էլ չէր: Հիմա դժվար թե մեր նոր սերունդն այդ ամենը պատկերացնի, բայց, երիցս կներեք, այդ ամենին շատ դեպքերում մշտապես ուղեկցում էր խոհանոցում եփվող խաշլամայի հոտը: Այդ առումով՝ ինչքան ճիշտ էր սգո սրահների հայտնվելն արդեն մեր ներկա իրականությունում: Երևի կհամաձայնեք, որ արարողակարգը սգո սրահներում կազմակերպելը՝ շատ ավելի ճիշտ տարբերակ է: Իսկ մի քանի տասնամայակ առաջ, հիշում եմ, անգամ հանգուցյալի լուսանկարներն էին պատվիրվում և սև ժապավեններով ու քորոցներով փակցվում դրանք հանգուցյալի բարեկամների բաջկոններին:
Բայց դա դեռ ոչինչ: Այսօրվա երիտասարդ սերնդի համար ամենազարմանալին կլինի իմանալ, թե ինչպես էր սգո թափորն ուղեկցվում հանգուցյալի տնից՝ դեպի հուղարկավորության վայր: Այդ պահին փակվում էր փողոցը, կանգ էր առնում երթևեկությունը և թափորը պետք է մի ինչ որ հատված ոտքով անցներ փողոցով: Իսկ այդ ընթացքում քաղաքի այդ ողջ թաղամասով մեկ փողային նվագախումբը բարձր հնչեցնում էր Ֆրեդերիկ Շոպենի սարսափազդու «Սգո քայլերգը»՝ վախ և անելանելիություն սփռելով շուրջ բոլորը: Երևի սովետական պետական չափարոշիչներով էր դա, որ միայն այդ մարշը կարելի էր այդ դեպքում նվագել:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը