Սա հանցավոր անտարբերություն է մարդու հանդեպ պետական օղակի կողմից․ Մանվել Գրիգորյանի պաշտպան
Իրավունք
Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում են անօրինականություններ։ Այս մասին ասաց փաստաբան Լևոն Բարսեղյանն իր՝ այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:
«Այսօր ես բարձրաձայնելու եմ Առողջապահության նախարարի անօրինականությունները, որոնք բացահայտ ուղղված են Մանվել Գրիգորյանի դեմ: Ամիսներ առաջ, երբ Մանվել Գրիգորյանի պաշտպանների կողմից բարձրաձայնվեց, որ նրա վիճակը կտրուկ վատացել է. նախարարի ուղղակի հրամանով ստեղծվեց հանձնաժողով և Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում անցկացված հետազոտությամբ ապացուցվեց, որ հիվանդությունների վատթարացում, իրոք, տեղի է ունենում: Այդ մասին հավաստեցին նաև Նաիրի բժշկական կենտրոնում Մանվել Գրիգորյանին հետազոտող բժիշկների 9 հոգանոց խումբը»,-ասաց փաստաբանը:
Բարսեղյանի խոսքով՝ մինչ այս կամ այն բժշկական խումբը հետազոտություն կանցկացներ, Մանվել Գրիգորյանը դադարել է քայլել: Առողջապահության նախարարը մտածեց, որ Գրիգորյանը սիմուլյանտություն է անում, և ճշմարտությունը ջրի երես հանելու նպատակով հատուկ ստուգում իրականացվեց: Արդյունքում պարզվեց, որ ոտքերն, իրոք, 70-90 տոկոսով չեն աշխատում: Բժշկական այսպիսի փաստերի ու փաստաթղթերի առկայության դեպքում, իրենք որոշեցին անմիջապես բարձրաձայնել և լուծում գտնել խնդրին: Ձևավորվեց միջգերատեսչական հանձնաժողով, որում անընդհատ ներգրավվում են նոր բժիշկներ ու հետազոտողներ, սակայն հանձնաժողովը բացահայտ պարապության է մատնված, որովհետև գտնվում է Առողջապահության նախարարի տիրույթում:
«Եվ, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ, եթե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի սրվի, դրա անմիջական պատասխանատուն Առողջապահության նախարարն է լինելու: Մարդու հանդեպ սա հանցավոր անտարբերություն է պետական օղակի կողմից, այս երկրում ընտրովի չպիտի լինի մարդուն բուժելը, իսկ Մանվել Գրիգորյանի գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն»,- ասաց պաշտպանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան