Թուրքիայում թեժ քննարկումների վերածված ելույթս. Վահե Էնֆիաջյան
Բլոգոսֆերա
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք.
Ողջունում եմ տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերով կոմիտեի 53-րդ նիստի բոլոր մասնակիցներին:
Արդյունավետ և գրագետ տնտեսական քաղաքականությունը միշտ լուրջ երաշխիքներ է տալիս համագործակցող երկրների կողմից առավել բարենպաստ քաղաքականություն վարելու համար:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր Վեհաժողովն այն կազմակերպություններից մեկն է, որտեղ վերոնշյալ գաղափարախոսությունը քննարկվում է անդամ-պետությունների կողմից և հնարավորության դեպքում պետք է կիրառել վերջինիս իրականացման համար բոլոր անհրաժեշտ միջոցները:
Վստահ եմ, որ մենք ունենք լավ հեռանկարներ մեր գործընկեր երկրների հետ ընդհանուր ծրագրերն իրականացնելու համար, սակայն դրանք լիովին չեն իրականացվում` որոշակի հանգամանքների լույսի ներքո:
Այս ուղղությամբ անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն և մեծ ուշադրություն պետք է հատկացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափերին:
Գործընկերներ, ինչպես ես, այնպես էլ կարծում եմ ներկաներից մեծ մասը կուզենային Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տեսնել որպես Սևծովյան համագործակցության կազմակերպության մասնակից-երկրների խորհրդարանականների միջև արդյունավետ համագործակցության հարթակ, այլ ոչ` թշնամանքի և քարոզչության վայր:
Հարգելի գործընկերներ
Կուզենայի անդրադառնալ Բաքվում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր վեհաժողովի Հիսուներեքերորդ Լիագումարի նստաշրջանի նիստի ընթացքում Էլգար Գուլիևի կողմից արված հայտարարությանը:
Պարոն Գուլիևը, Ադրբեջանի հանրապետության ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության ոգով, ոչ միայն խեղաթյուրեց, այս ամբիոնն ինձ թույլ չի տալիս կիրառել առավել ստույգ բնորոշումը, իրավիճակն ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում, այլ նաև հանդես եկավ իմ երկրի դեմ պատերազմի սպառնալիքով: Սա ադրբեջանական կողմի ևս մեկ փորձ է` Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ նոր պատերազմ սկսելու իրավունքն իրեն վերապահելու համար:
Մենք անընդունելի ենք համարում ինչպես մարդկանց կողմից իրենց ճակատագիրը որոշելու իրավունքը որպես ագրեսիվ գործողություն ներկայացնելու փորձերը, այնպես էլ ագրեսիվ հակահայկական քաղաքականության պատասխանատվությունից խուսափելը, որը վերածվել է զինված ագրեսիայի Արցախի հանրապետության և Հայաստանի հանրապետության դեմ:
Անիմաստ է նաև խաղաղ բնակչությանը սպանող դիվերսանտներին ներկայացնել որպես ռազմագերիներ:
Ինչ վերաբերում է էթնիկ զտումներին, ապա պարոն Գուլիևը ցանկանում է ամբողջ մեղքն ուրիշների վրա բարդել: Աշխարհը հիշում է Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերը, որոնք խլեցին հարյուրավոր խաղաղ մարդկանց կյանքեր, ինչպես նաև Մարագա գյուղում խաղաղ բնակչության կոտորածը: Հայկական կողմը չի հրահրել պատերազմը, որի հետևանքներից մեկը եղավ երկու կողմերից փախստականների հոսքը` այդ թվում Ադրբեջանից փախած շուրջ 350 հազար հայեր:
Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակը ոչ միայն Արցախի գրավումն է, այլ նաև Հայաստանի Հանրապետության Սյունքի մարզի և նույնիսկ մայրաքաղաք Երևանի գրավումը:
Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ նմանօրինակ հայտարարությունները չեն կարող նպաստել կողմերի միջև երկխոսությանը:
Այս ուղղությամբ ուզում եմ ընդգծել, որ մեր երկիրը միշտ բարձր մակարդակով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդների համար:
Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուամենայնիվ, մենք Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ շատ երկրներում խորհրդարանները հանդիսանում են հիմնական ժողովրդավարական ինստիտուտը՝ ազատ ընտրությունների միջոցով ժողովրդի կամքի մարմնացումը:
Մենք կարող ենք վստահաբար ասել, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները լիովին համապատասխանում են այս դրույթին: Մենք նաև վստահ ենք, որ ընտրություններն Արցախի Հանրապետությունում կընթանան ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան: Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունները հաստատում են մեր վստահությունը:
Մենք կարծում ենք, որ օրինական օրենսդիր իշխանությունը երկրի ժողովրդավարական զարգացման և խաղաղ քաղաքականության անհրաժեշտ տարր է: Հենց այս ամենը հիմք ընդունելով` մենք լիահույս ենք, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գործընկերների հետ համագործակցությանը կլինի արգասաբեր:
Շնորհակալություն ուշադրության համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն