«Հրապարակ». ԱԺ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստի պատասխանը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել, եւ այդ լուրերը խուճապ էին առաջացրել պատգամավորների շրջանում:
Դրանից հետո ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ շտապել էին «Նաիրի» ԲԿ՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու: Հիվանդանոցի ընդունարանում տեսել էին Շաքե Իսայանին, Նաիրա Զոհրաբյանին, Արթուր Գրիգորյանին, Կարինե Պողոսյանին։ Զոհրաբյանն ավելի ուշ Ֆեյսբուքում հրապարակեց իր թեստի պատասխանը։
Բոլորի թեստը բացասական էր եղել: Ինչ վերաբերում է 2 վարակակիրներին, ապա օրվա ընթացքում Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նրանք երկրորդ անգամ են թեստ հանձնել, արդյունքները բացասական են եղել:
Ի դեպ, Արցախի ընտրություններում դիտարկում անելու մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակությունը ղեկավարել է ոչ թե Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, այլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսկ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից»: