Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի հարցը
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Մանրամասն քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համակարգված ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։
«Իլհամ Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։ Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի որոշ գործնական հարցեր, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։