Դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները դադարեցվեցին
ԻրավունքԲարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ որոշեց բավարարել այն և դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դսատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ Դատավորը վարույթ է ընդունել երեխայի որդեգրման վերաբերյալ դիմում այն դեպքում, երբ առկա էր այն վերադարձնելու հիմք, կայացրել է որդեգրման վերաբերյալ չհիմնավորված և չպատճառաբանված վճիռ՝ երեխա որդեգրելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի և պայմանների բացակայությամբ, ինչպես նաև վճռով լուծել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերապահված՝ ամուսնության մեջ չգտնվող անձի կողմից որդեգրված երեխայի հոր ազգանվան գրառման հետ կապված հարցը, ընդ որում՝ որդեգրված երեխայի հոր ազգանվան վերաբերյալ գրառումը կատարել է սահմանված կարգի խախտմամբ:
Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն իր գործողություններով կասկածի տակ է դրել իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և հեղինակազրկել է դատական իշխանությունը: