«Ինձնից սկսած՝ պետք է համապատասխանենք վարքագծի չափորոշչին»․ էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի
ՀասարակությունԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նիստ:
Դատախազությունից հայտնում են, որ նախագահող Աննա Վարդապետյանի կողմից առաջադրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը:
Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու համար նիստի մասնակիցները, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:
Քվեարկությունից հետո, Հաշվիչ հանձնաժողովի կողմից հրապարակվել են ընտրության արդյունքները. Արամ Արամյանը միաձայն (40 կողմ) քվեարկությամբ` ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ:
Հանրապետության գլխավոր դատախազը շնորհավորել է դատախազ Արամյանին՝ ընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: «Բոլորս՝ ինձնից սկսած, պետք է համապատասխանենք վարքագծի ամենաբարձր չափորոշչին»,- շեշտել է Աննա Վարդապետյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նորընտիր անդամ Արամ Արամյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ստանձնած գործառույթներն իրականացնելիս՝ կանի առավելագույնը համակարգի հեղինակությունը բարձր պահելու համար: