Երևանում 40-ամյա տղամարդը բռունցքով խփել է պարեկներից մեկի գլխին․ նա ձերբակալվել է
ՀասարակությունՀունվարի 28-ին Արաբկիր վարչական շրջանում ծառայություն կատարող պարեկները ժամը 23.15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայից Վ. Վաղարշյան փողոցն ընկած հատվածում լսելով օգնության կանչեր՝ մոտեցել են և տեսել գետնին ընկած կնոջ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո պարեկները ծառայողական մեքենայով նրան տեղափոխել են «Արաբկիր» բժշկական կենտրոն:
Մեքենայի սրահում, սակայն, նշված կինը և նրան ուղեկցող տղամարդը դրսևորել են ոչ ադեկվատ վարքագիծ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով:
Նույն վարքագիծը շարունակվել է նաև հիվանդանոցում, իսկ երբ պարեկները ներկայացրել են օրինական պահանջ, որպեսզի չխոչընդոտեն իրենց գործողություններին, տղամարդը բռունցքով խփել է պարեկներից մեկի գլխին:
Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ մայրաքաղաքի Կողբի փողոցի 40-ամյա բնակիչ:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: