Կատարվածը բնակարանային գողություն չէր
ՀասարակությունՍեպտեմբերի 11-ի երեկոյան ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է հաղորդում, որ գյուղերից մեկում տան ննջասենյակի իրերը խառնել են և մահճակալի ներքնակի տակից գողացել 140 հազար դրամ:
Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այսինքն` գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, նախաձեռնվեց քրեական վարույթ: Իրականացվեցին համապատասխան գործողություններ, իսկ բաժնի քրեական հետախույզները շուտով պարզեցին, որ ոչ մի «ապօրինի մուտք» չի եղել:
Տան հարսը հրավիրվեց բաժին, ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք:
Նա պատմեց, որ ցերեկը, երբ տնեցիք տանը չէին, ինքն է վերցրել գումարը, նաև խառնել ամուսնու ծնողների ննջարանը` բնակարանային գողության պատրանք ստեղծելու համար:
Խոստովանելուց հետո կինն ամբողջությամբ ներկայացրել է գումարը: Հանգամանքները պարզվում են: