Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 11-ի համեմատ ցածր է մնում 15 սանտիմետրով
Հասարակություն2023 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 15 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա ընթացքում գրանցված նիշից։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 87 միլիոն 805 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիսից մինչև սեպտեմբերի 11-ը լճից բաց է թողնվել 219 միլիոն 538 հազար խորանարդ մետր ջուր։
Նույն աղբյուրի համաձայն՝ վերջին մեկ ամսում Սևանա լճի մակարդակն իջել է 10, վերջին շաբաթում՝ 2 սանտիմետրով։