Լիբիայում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է ավելի քան 3000-ի (լուսանկարներ)
ԼուսանկարներԼիբիայում ավելի քան 3000 մարդ է զոհվել երկրի արևելքում «Դանիել» փոթորկից առաջացած ջրհեղեղի հետևանքով, հայտարարել է Սիրտեի կառավարության առողջապահության նախարար Օսման Աբդուլ Ջալիլը։ Փոթորիկը հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառ է դարձել Լիբիայի արևելյան մի շարք քաղաքներում, սակայն ամենից շատ տուժել է Դերնան, որտեղ ջուրը ճեղքել է ամբարտակները և քշել ամբողջ թաղամասերը, հայտնում է AP-ն։
Լիբիայի պաշտոնյաների տվյալներով՝ երկրի արևելյան շրջաններում ամենաշատ տեղումներն են գրանցվել վերջին ավելի քան քառասուն տարվա ընթացքում։ Բացի Դերնայից՝ մեծ վնասներ են կրել Բենղազի, Ալ-Բայդա, Ալ-Մարջ և Սոսա քաղաքները։
Միջազգային Կարմիր Խաչի գնահատմամբ՝ մոտ 10 հազար մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Մտահոգություն կա, որ զոհերի թիվը կարող է հազարավոր լինել։
Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլհամիդ Դիբեբեն երկրում եռօրյա սուգ է հայտարարել։