ԵՊԲՀ-ի գլխավոր շենքը չի օտարվում․ ՏԿԵՆ
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել․
«Այսօր տարբեր զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ աճուրդով կօտարվեն Բժշկական համալսարանին պատկանող շենքերը, իսկ նյութին կցվել են Երևանի պետական բժշկական համալսարանի գլխավոր մասնաշենքի լուսանկարները:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն:
Իրականում Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում է ք. Երևան, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին:
Գույքը հանդիսանում է պետական սեփականություն և 2015 թ. հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրված է եղել Երևանի պետական բժշկական համալսարանին, սակայն տարիներ ի վեր չի շահագործվել:
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ ԵՊԲՀ-ի գլխավոր շենքը չի օտարվում»։