Բացառիկ դեպք «Նորք-Մարաշ» ԲԿ-ում․ 14-ամյա տղայի սիրտը կրծքավանդակի աջ մասում է տեղակայված
Հասարակություն«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը հայտնում է, որ բացառիկ դեպք է հայտնաբերվել․ 14-ամյա երեխայի սիրտը տեղեկայված է կրծքավանդակի աջ մասում։
«Պացիենտը տղա է, 14 տարեկան։ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն դիմելիս գանգատը եղել է աջ կողմից սրտխփոցի զգացումը (մայրիկի խոսքերով՝ երեխան դա նկատել է դեռ 1 տարի առաջ ֆուտբոլ խաղալիս)։
Էխոսրտագրության ժամանակ երեխայի սիրտը աջից էր, սակայն դա սովորական դեկստրակարդիա չէր, ինչը բժշկի մոտ կասկած առաջացրեց, որի կապակցությամբ կատարվեց կրծքավանդակի կոնտրաստ համակարգչային տոմոգրաֆիա։ Արդյունքը տպավորիչ էր։
Երեխայի մոտ առկա էր աջ թոքի ագենեզիա (թոքը չի զարգացել, համապատասխանաբար բացակայում էին նաև աջ գլխավոր բրոնխը, աջ թոքային զարկերակը և աջ թոքային երակները), ինչի հետևանքով միջնորմը (այդ թվում սիրտը) տեղակայված է կրծքավանդակի աջ կեսում։
Սրտի նման տեղակայումը հեմոդինամիկ շեղումներ չի առաջացրել. երեխան ունի կառուցվածքային առողջ սիրտ։ Երեխան ուղեգրվել է թոքաբանի և օրթոպեդի խորհրդատվության, իսկ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում կլինի դինամիկ հսկողության տակ»,- ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։