ԵԽԽՎ համազեկուցողները մոնիթորինգային այցով կժամանեն Հայաստան, կհանդիպեն ԱՀ-ից բռնի տեղահանվածներին
Արտաքին ՔաղաքականԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիթորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից և Բորիանա Աբերգը՝ Շվեդիայից նոյեմբերի 6-8-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդից:
Երևանում համազեկուցողները կհանդիպեն վարչապետի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների հետ:
Նախատեսվում են բանակցություններ Սահմանադրական դատարանի նախագահի և դատական իշխանության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։
Համազեկուցողները կմեկնեն նաև Երասխ, որտեղ կհանդիպեն տեղական իշխանությունների ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: