«Հրապարակ». Մալաթիայում ոմանք անհանգիստ են, ոմանք՝ պաշտոնի սպասումով
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին, ով նշանակվել է«Հանրապետություն» կուսակցության քվոտայով, երեկ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է աշխատակազմին: Հիշեցնենք, որ նա ԵԿՄ Կենտրոն կառույցի ղեկավարն է: Արարողությանը ներկա է գտնվել նաեւ նախկին թաղապետը` նախօրեին ԱԱԾ բերման ենթարկված Արման Բարխուդարյանը, ում մեղադրում են պաշտոնի չարաշահման համար եւ ում` չբացակայելու ստորագրությամբ, ազատ են արձակել: Աշխատակազմում այս օրերին աննկարագրելի աժիոտաժ է` մի մասն անհանգիստ է, որ կարող են չարաշահումների գործով անցնել, մյուսները նոր թաղապետից առաջխաղացում են ակնկալում։
Հատկապես ակտիվ է Մալաթիայի ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Գեղամ Խաչատրյանը, ով թաղապետարանում տնտեսվար է աշխատում , որդին էլ՝ Գեւորգ Խաչատրյանը, քաղաքաշինության եւ հողի օգտագործման բաժնում գլխավոր մասնագետ է: Հայր Խաչատրյանը մտերիմներին ասել է, որ որդուն շուտով Կոմունալի պետ են նշանակելու, չէ որ իր ընկերը Ռոմիկ Մխիթարյանն է թաղապետ նշանակվել: Երեկ ամբողջ օրը նա քծնել է նորանշանակ թաղապետին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ԵԿՄ Կենտրոն տարածքային կառույցի ղեկավարն է»: