Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի ԱԳ նախարարի հետ
ՏեսանյութերՆոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հանդիպումը։
Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև ձևավորված բարեկամական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել գործընկերության հետագա զարգացման և առաջմղման համար տարբեր ոլորտներում, ներառյալ տնտեսական կապերի ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը և կայուն զարգացման խթանումը, տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու կայունության ամրապնդումը:
ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձ է կատարել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի տարբեր հարցերի՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մնում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ԼՂ ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված խնդիրների հասցեագրմանը: