Եթե պաշտոնանկությունը կապենք բանակում դժբախտ պատահարների հետ, ուրեմն երևի շաբաթը մեկ պետք է նախարար փոխվի. Խաչատրյան
ՔաղաքականԵթե բանակի քաղաքական պատասխանատուի հարցն անմիջականորեն կապենք դժբախտ պատահարների հետ կամ բանակում տեղի ունեցող միջին վիճակագրական հանցագործությունների հետ, ուրեմն բանակում պաշտպանության նախարար պետք է փոխվի երեւի շաբաթը մեկ կամ ամիսը մեկ-երկու անգամ: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակում մեկ օրում մահվան ելքով երկու պատահար գրանցվելուց հետո չպետք է պաշտոնանկ արվի նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությանը, այսինքն՝ պաշտոնատար անձ, որի գործողության կամ անգործության հետեւանքով առաջացել են ծանր հետեւանքներ, ահա այստեղ արդեն այդ անձը պետք է անմիջապես պատասխանատվություն կրի: Դա կլինի պաշտպանության նախարարը, փոխվարչապետը, ով ուզում է լինի»,– ասել է նա: