Վահագն Խաչատուրյանն ու Հունգարիայի ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ (տեսանյութ)
ՏեսանյութերՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ:
ԱԺ խոսնակը ողջունելով նախագահին նշել է, որ նման այցելությունը կարևոր քայլ է երկկողմ համագործակցության խթանման համար:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և հույս հայտնել, որ բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև շարունակական բնույթ կկրեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի միջև ոլորտային համագործակցության զարգացման հնարավորությունները:
Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում, և այս համատեքստում գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների խորհրդարաններում պատգամավորական բարեկամական խմբերի նշանակությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է քրիստոնեական և մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:
Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների միջև տարբեր մակարդակների փոխայցելությունների կարևորությունը, այդ թվում տնտեսական, գործարար, մշակութային և այլ ոլորտներում:
Մանրամասները՝ տեսանյութում: