Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընին ավտոմեքենա է նվիրել
ԼուսանկարներՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վլադիմիր Պուտինից ռուսական արտադրության ավտոմեքենա է նվեր ստացել, հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«ԿԺԴՀ Պետական գործերի նախագահ, ընկեր Կիմ Չեն Ընին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ռուսական արտադրության անձնական ավտոմեքենա է նվիրել»,- հայտնում է գործակալությունը։
Նշվում է, որ նվերը տրվել է ԿԺԴՀ-ի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Պակ Չոնգ Չոնին և կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի քրոջը՝ Կիմ Յո Ջոնգին։ Նա ասել է, որ այս ժեստը ծառայում է՝ որպես երկու երկրների ղեկավարների միջև հաստատված առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների վառ ապացույց, և Կիմ Չեն Ընի երախտագիտությունը փոխանցել է ռուսական կողմին։
2023 թվականի սեպտեմբերին ԿԺԴՀ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ Պուտինը նրան ցույց է տվել Aurus-ը։ ՌԴ նախագահը մի քանի տարի օգտվում է այս լիմուզինից՝ երբեմն ցուցադրելով այն արտասահմանցի գործընկերներին, որոնցից ոմանք հետաքրքրություն են ցուցաբերել ավտոմեքենայի նկատմամբ։