Ցանկանում եմ ընդգծել տարածաշրջանում անվտանգային հարցերի կարգավորման շուրջ Ճապոնիայի դերը․ փոխվարչապետ
ՔաղաքականՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի ազգային տոնի՝ Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Շնորհավորելով տոնի առթիվ՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է զարգացնել բարեկամության ոգու և ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն: Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ հայ-ճապոնական բարեկամությունը կշարունակի ամրապնդվել և հզորանալ՝ ի շահ երկու երկրների:
«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումը` բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը մեր տարածաշրջանում ու ողջ աշխարհում կայուն խաղաղության և ժողովրդավարության զարգացման գործում: Այս կապակցությամբ ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Ճապոնիայի կառուցողական դերը և հավասարակշռված դիրքորոշումը մեր տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների կարգավորման համատեքստում», -նշել է Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրմանն ուղղված հումանիտար աջակցության, ինչպես նաև տարիներ շարունակ ժողովրդավարական ինստիտուտների, աղետների կանխարգելման, բնապահպանական կարողությունների և մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված աջակցության համար:
Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև 2025 թվականին Ճապոնիան Օսակա քաղաքում կայանալիք «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կարևորությանը: