Զելենսկին զորակոչային տարիքը 27-ից 25 իջեցնելու մասին օրենք է ստորագրել
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով զինվորական հաշվառման վերցված քաղաքացիների տարիքային շեմը 27-ից կիջեցվի 25-ի: Ըստ «РБК-Украина»-ի՝ այդ մասին ասված է Ուկրինայի Գերագույն ռադայի հայտարարությունում։
Գերագույն Ռադան 2023 թվականի մայիսի 30-ին կողմ է քվեարկել թիվ 9281 օրենքին, իսկ նույն թվականի հունիսի 5-ին փաստաթուղթը հանձնվել է Ուկրաինայի նախագահին՝ ստորագրման։ Սակայն այդ ժամանակվանից ի վեր փաստաթուղթը չէր ստորագրվել։
2024 թվականի ապրիլի 2-ին Գերագույն Ռադայի կայքում նշվել է, որ օրենքը վերադարձվել է նախագահի ստորագրությամբ։
Իսկ Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկի՝ անցյալ տարի ստորագրած տեքստում ասված է, որ օրենքն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման հաջորդ օրվանից։
Ըստ այդմ, արդեն ապրիլի 3-ից Ուկրաինայում ծանուցումներ կտրվեն 25 տարեկան զինապարտ քաղաքացիներին։