Տիգրան Համասյանի հետ կապված միջադեպի գործով խուլիգանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Հաղորդումը ստացել ենք, քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով»,–ասաց Աբրահամյանը:
Քննչական կոմիտեն վնասվածք ստացած անձանց վերաբերյալ տեղեկություններ չունի, արձանագրված է փաստը, որ մեքենաներից մեկի ապակին է ջարդվել:
«Այս պահին քննչական մարմին է ներկայացվել 3 անձ, այնտեղ է նաև միջադեպի մասնակից մյուս կողմը: Նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ են կատարում»,–ասաց Աբրահամյանը: