«Այսպիսի օրակարգի սպասարկումը պատշաճում է միայն թշնամուն»․ Արթիկի թեմի առաջնորդ
ՏեսանյութերԱրթիկի թեմը հայտարարություն է արել Սարդարապատի հուշահամալիրում Վեհափառ Հայրապետի նկատմամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․
«Սրտի խոր ցավ ենք ապրում մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Ազգիս Վեհափառ Հայրապետի և ուղեկից հոգևոր դասի հանդեպ ոստիկանական ուժերի դրսևորած ապաշնորհ և անհարգալից վերաբերմունքի համար։ Ցավն առավել է սաստկանում, երբ նկատում ենք, որ ամենը կատարվում է ապազգային իշխանության հրամանով։
Ըստ էության՝ սա ոտնահարում է համայն հայության ազգային և հոգևոր արժանապատվությունը։ Այսպիսի օրակարգի սպասարկումը պատշաճում է միայն թշնամուն։
ՀԱՍԵ Արթիկի Թեմի հոգևոր դասն, ի դեմս առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի, խստիվ դատապարտում է ՀՀ կառավարության նմանօրինակ ամբարտավան կեցվածքը։ Վերջիններիս կոչ ենք անում հարգել Մայր Եկեղեցու վերաբերյալ սահմանադրական կարգը, ապա և մեր որդիական սերն ու զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը՝ մաղթելով ծով համբերություն»։