Լոռու մարզպետի գլխավորությամբ անցկացվել է ամփոփիչ խորհրդակցություն
ՀասարակությունԼոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ մայիսի 29-ին՝ ուշ երեկոյան, անց է կացվել ամփոփիչ խորհրդակցություն, որին ներկա են եղել Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի այլ պատասխանատու աշխատակիցներ։
Արամ Ղազարյանին են ներկայացվել աղետի հետևանքով առաջացած վնասների գույքագրման աշխատանքների արդյունքները։ Հստակեցվել են այդ ուղղությամբ վաղվա անելիքները ևս։ Զեկուցվել է փողոցների մաքրման աշխատանքների ընթացքը։
Քննարկվել են սննդի պաշարների բաշխվածության, ինչպես նաև բնակիչներին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու և առողջապահական ծառայությունների մատուցման հետ կապված հարցեր ևս։
Ներկայացվել են կամավորական խմբերի կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Կարևորվել է նրանց համակարգված ուղղորդումը՝ աշխատանքների ադյունավետությունն ապահովելու նպատակով։
Ներկայացվել է անասնահամաճարակային իրավիճակի կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր ևս, տրվել են հանձնարարականներ։ Հստակեցվել են վաղվա անելիքները։