Լոռու մարզպետը և Ալավերդու ղեկավարն այցելել են Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների հետ
Արտաքին ՔաղաքականԼոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների և տեղի տնտեսվարողների հետ։ Այդ մասին հայտնում է Լոռու մարզպետի աշխատակազմը:
Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ:
Մարզպետ Արամ Ղազարյանը նրանց տեղեկացրել է աղետի գոտու բնակավայրերին ուղղված պետական աջակցության նախատեսվող ծրագրերի մասին:
Մարզպետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջիկայում փոխհատուցման հստակ ծրագրեր կառաջարկվեն՝ ուղղված ինչպես բնակիչներին, այնպես էլ՝ տնտեսվարողներին։
Քանի որ արդեն գործարկվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը, մարզպետը բնակիչներին հորդորել է նաև զգոնություն ցուցաբերել։
Քաղաքացիներն իրենց շնորհակալությունն են հայտնել ամենօրյա հոգածության և աջակցության լայնածավալ աշխատանքների համար: