Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
ՀասարակությունԱպրիլի 29-ին կյանքից հեռացել է մարզական լրագրող, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից։
«Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:
Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին:
«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:
Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ», - նշված է գրառման մեջ։
Դավիթ Մարտիրոսյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել հայկական ֆուտբոլում, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Լրագրության ֆակուլտետը: 2012 թվականից մինչև 2020-ը թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին: Դավիթը աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:
2019-ից Մարտիրոսյանը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։
Մարտիրոսյանը նաև հանդիսանում էր Newmag հրատարակչատան սպորտային մատենաշարի ղեկավարը:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հունվարից: