Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասում տեղակայել իր «խաղաղապահ» զորակազմը. Բորտնիկով
Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից իր «խաղաղապահ» զորակազմը մտցնել Անդրկովկաս՝ իբրև թե օգնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ՝ համոզելով Երևանին հետաձգել Բաքվի հետ բանակցությունները: Արևմուտքը փորձում է ղեկավարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել սեփական «խաղաղապահ» զորակազմի տեղակայմանը տարածաշրջանում` դե յուրե ՄԱԿ-ի, իսկ դե-ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- ասել է Բորտնիկովը։
Մասնավորապես, նրա խոսքով, կասկածներ են հարուցում ԵՄ անկախ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ ԱԴԾ-ն պնդում է՝ առաքելության մասնակիցները հետախուզական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի և նրա գործընկերների դեմ։