Հանրապետության բնակֆոնդի թարմացմանն ուղղված ռենովացիայի հայեցակարգի մշակումն ավարտական փուլում է
ՀասարակությունՄշակման ավարտական փուլում է գտնվում բնակարանային ֆոնդի ռենովացիայի հայեցակարգը, որը թույլ կտա թարմացնել հանրապետության բնակարանային ֆոնդը` ստեղծելով անվտանգ քաղաքաշինական միջավայր, նաև ապահովել շինարարության ոլորտի շարունակական ակտիվություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 13-ի ասուլիսին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշեց, որ Հայաստանում առկա է 19 հազար բազմաբնակարան շենք, որոնց 60 տոկոսը կառուցվել է մինչև 1980 թվականը, խորհրդային նորմերով։
«Ակնհայտ է, որ դրանք եթե անգամ վթարային չեն, ապա հնամաշ են և այսօրվա չափանիշներին չեն համապատասխանում։Մենք շատ հաճախ դիմումներ ենք ստանում, երբ քաղաքացիները ցանկանում են այսօրվա պահանջներին համապատասխան հատակագծային լուծումներ, օրինակ՝ ապահովվել երկու սանհանգույց բնակարանում, սակայն ուղղակի հնարավոր չի լինում իրականացնել»,-պարզաբանեց Վարդանյանը։
Նրա խոսքով՝ 19 հազար բազմաբնակարաններից 23 տոկոսը պանելային շենքեր են, որոնք Սպիտակի երկրաշարժի ժամանակ վնասվածության մեծ աստիճան են ունեցել։
Ըստ Վարդանյանի՝ ռենովացիայի հայեցակարգը մշակվում է այս հանգամանքները հաշվի առնելով, որն իրենից ներկայացնում է տեխնիկական, քաղաքաշինական, իրավական ու ֆինանսական համակարգ, ինչը կառուցված է այնպես, որպեսզի ձեռնտու լինի և պետությանը, և քաղաքացուն, և կառուցապատողին, իսկ ամենակարևորը նվազագույն պետական ներդրում կատարվի։