Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է. Փաշինյան
Քաղաքական
Պետք չի մեզ ահազանգել, որ մենք կործանվում ենք, մենք դրա մասին գիտենք, դա անկասելի է։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Եթե կա ադապտացիայի կարողություն, նույնիսկ ամենաբացասական փոփոխությունները հնարավոր է լինում ծառայեցնել սեփական խնդիրների և օրակարգերի հասցեագրմանը։ Մենք 8 տարի է խոսում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, բայց որևէ ծրագիր չի աշխատում մի պարզ պատճառով, մարդիկ չեն համարում, որ դրա անհրաժեշտությունը կա։ Եթե մենք ունենք մի ոլորտ, որտեղ մեր գործակցությունը որևէ սուբյեկտի հետ ունի գերակշռող կամ մենաշնորհային իրավիճակ, դա սպառնալիք է, դա ազգային ու պետական անվտանգության հարց է, որը պետք է կառավարվի, և հետևաբար մենք այս քաղաքականությունը պետք է շարունակենք։
Շատերը կան, որ ստեղծված իրադրությունը համարում են ճգնաժամ, ես այս իրադրությունը համարում եմ հնարավորություն, որպեսզի մենք բևեռային ձևակերպումներից տեղավորվենք ոչ բևեռային հասկացությունների, բառապաշարների, խնդիրների և գործելակերպերի մեջ։ Եթե դու ունես ապոկալիպտիկ մտածողություն, իսկ դա մեզ շատ հատուկ երևույթ է, ամեն օր ապոկալիպսիսի պատճառ կա: Այդ ապոկալիպտիկ մտածողությունը ամեն օր կարելի է տեսնել, ամեն օր ինչ-որ մեկը պնդում է, որ երկիրը կործանվում է, ասում են՝ երկիրը կործանվում է, դուք կառավարության նիստ եք անում, երկիրը կործանվում է, դուք բրիֆինգ եք անում, երկիրը կործանվում է, դուք շաբաթ–կիրակի եք անում, երկիրը կործանվում է, դուք արձակուրդ եք գնում, երկիրը կործանվում է, դուք ջուր եք խմում։
Սա ապոկալիպտիկ մտածողություն է, որովհետև եթե դա է մտածողության ձևը, իրոք ամեն օր կարելի է գտնել, որ երկիրը կործանվում է։ Երկիր մոլորակի պատմությունը ընդհանրապես ինքը կործանման պատմություն է և ինքը բառիս բուն իմաստով էլ է կործանվում, այնպես որ դա նորմալ է, մենք պետք է հասկանանք, որ բոլորս ապրում ենք կործանման վիճակում։ Պետք է հարմարվել այս իրադրության հետ և անել ամենօրյա աշխատանքը ադապտացիայի տրամաբանությամբ, անկման վիճակում մենք պետք է ապրենք, աշխատենք և օրակարգեր ձևավորենք և լուծենք այդ օրակարգը: Դա անկասելի է, ոչ մեկ չի կարող կանգնեցնել դա, և ընդհակառակը, երբ որ այդ կործանումը կանգնի, դա նշանակում է ամեն ինչ վերջացել է»,–նշել է Փաշինյանը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է