Երևանի բնակիչը սեռական բնույթի գործողություններ կատարելու նպատակով փորձել է «ծուղակը գցել» 8-ամյա աղջնակին
Իրավունք
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Փահլևանյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Դավիթ Փահլևանյանը՝ բարձրագույն կրթությամբ, Երևանի ՋԷԿ-ի նախկին ճարտարագետ, 2012 թվականի հուլիս ամսվա ընթացքում համացանցից իր դյուրակիր համակարգչի մեջ է ներբեռնել ու պահպանել մանկական պոռնոգրաֆիա ներկայացնող 479 ֆիլմ, նկարներ, 9 մուլտֆիլմ: Դրանց դիտման արդյունքում նրա մոտ առաջացել է մանկահասակ՝ 8-12 տարեկան երեխաների հետ սեռական հարաբերություններ ունենալու, իր կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու և մանկահասակների ներգրավմամբ մանկական պոռնոգրաֆիայի սյուժեներով նկարահանումներ կատարելու դիտավորություն:
Փահլևանյանը «Նարեկ Համբարձումյան» պայմանական անունով գրանցվել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում և 2012 թվականի օգոստոսի 18-ին նամակ ուղարկել նույն ցանցում գրանցված 8-ամյա աղջնակին: 2004 թվականին ծնված երեխային Փահլևանյանը ներկայացել է որպես մանկական ֆիլմերի նկարահանմամբ զբաղվող անձ, խոստացել է վարձատրության դիմաց նկարահանել նրան հատուկ ֆիլմերում ու սերիալներում, գայթակղել է, որ նկարահանումների համար նրան կվճարի, ու նա կկարողանա իր համար գեղեցիկ շորեր ու համեղ քաղցրավենիք գնել:
Օգոստոսի 18-ից 22-ը Դավիթ Փահլևանյանը «ինտելեկտուալ անառակաբարո գործողություններ» է կատարել ինտերնետային նամակագրության միջոցով՝ երեխային գրելով տղամարդու և մանկահասակ աղջկա միջև սեռական հարաբերությունների ձևերի, տղամարդու և կնոջ սեռական օրգանների նշանակության մասին, համոզել է, որ հանդիպեն, փորձեր կատարեն և սկսեն նկարահանումները:
Սակայն Դավիթ Փահլևանյանն իր հանցավոր դիտավորությունը չի իրականացրել իր կամքից անկախ պատճառներով:
Ութամյա աղջնակը հենց սկզբից անծանոթ տղամարդուց ստացած նամակը ցույց է տվել մայրիկին, և Փահլևանյանի հետ նամակագրությունը վարել է երեխայի մայրը՝ հանցավորի անձը բացահայտելու, նրա պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով:
Հանդես գալով աղջկա անունից՝ մայրը միաժամանակ ահազանգել է ոստիկանություն:
Դավիթ Փահլևանյանը, կարծելով, թե համոզել է երեխային, հանդիպում է նշանակել օգոստոսի 22-ին, արատավոր ակնկալիքներով գնացել ժամադրավայր, սակայն բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից ու բերման ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Այսպիսով՝ Դավիթ Փահլևանյանը մեղադրվում է իր համակարգչում և հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պահպանելու, ակնհայտ 16 տարին չբոլորած անձի հետ անառակաբարո գործողությունների կատարում նախապատրաստելու, երեխային պոռնկության և պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններին ներգրավելու փորձի համար:
Այսօր վերջապես ներկայացել էին դատավարության բոլոր կողմերը՝ մեղադրող Արթուր Երիցյանը, Փահլևանյանի շահերի պաշտպան Գայանե Խաչատրյանը, տուժող երեխայի օրինական ներկայացուցիչը՝ մայրը: Միայն երեխան չէր ներկայացել: Կողմերը չառարկեցին, որ գործի քննությունը սկսվի երեխայի բացակայությամբ:
Մինչև դատաքննությանն անցնելը Փահլևանյանի շահերի պաշտպանը երկու միջնորդություն ներկայացրեց: Մի դեպքում նա խնդրում էր, որ դատարանը Դավիթ Փահլևանյանի նկատմամբ նշանակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն՝ պարզելու՝ տառապո՞ւմ է Փահլևանյանը հոգեկան հիվանդությամբ, եթե՝ այո, ապա ի՞նչ հիվանդությամբ և որքա՞ն ժամանակ, նա հոգեկան կամ սեռական որևէ խանգարում ունի՞, թե՞ ոչ:
Մյուս միջնորդությունը լրացուցիչ դատահամակարգչատեխնիկական և մշակութաբանական փորձաքննություն նշանակելու մասին էր, քանի որ, ըստ պաշտպանի, նախաքննության ընթացքում կատարվել էր թերի փորձաքննություն:
Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդությունների քննարկումը՝ դրանք համարելով վաղաժամ, քանի որ գործի նյութերը դեռևս չեն հետազոտվել, և եզրակացնել, թե ինչ-որ փորձաքննություն թերի է կատարվել, ինչ-որ փորձաքննություն էլ սխալմամբ չի նշանակվել, դատարանը չի կարող:
Նախագահողը հորդորեց պաշտպանական կողմին՝ վաղաժամ միջնորդություններ չանել, որպեսզի դատական նիստի ժամանակն անարդյունավետ չծախսվի:
Պաշտպանական կողմը այլ միջնորդություններ չներկայացրեց:
Սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը. սկզբում հարցաքննել տուժողի օրինական ներկայացուցչին, տուժող երեխային, ապա հետազոտել գործում առկա ապացույցներն ու նյութերը, դրանից հետո հարցաքննել ամբաստանյալ Փահլևանյանին:
Տուժողի օրինական ներկայացուցիչը՝ երեխայի մայրը, համարձակ ելույթ ունեցավ: Ճիշտ է, իրավական բնույթի հարցերի քննարկման ժամանակ նա ոչ միշտ էր կարողանում արագ կողմնորոշվել, բայց կոնկրետ գործով ցուցմունքներ տվեց զուսպ, առանց ավելորդ զգացմունքայնության, միայն որոշ դեպքերում դժվարանալով ճշգրտորեն կրկնել այն բառերն ու արտահայտությունները, որոնք 28-ամյա Փահլևանյանն օգտագործել էր իր կարծիքով՝ 8-ամյա երեխայի հետ նամակագրական շփման ընթացքում:
Մայրն ասաց, որ երեխայի անունով կայքը բացել է ինքը՝ դեպքից մոտ 20 օր առաջ, որպեսզի աղջիկը, իր հսկողությամբ, շփվի համադասարանցիների, հասակակից բարեկամուհիների, ընկերուհիների հետ ու խաղեր խաղա: Կայքում գրանցված են եղել երեխայի իրական տվյալները, այն, որ ծնվել է 2004 թվականին, ինչպես նաև երեխայի մանկական լուսանկարները:
Երբ երեխան օգոստոսի 18-ին 24 տարեկան «Նարեկ Համբարձումյան» անունով երիտասարդից նամակ է ստացել, անմիջապես տեղեկացրել է մորը:
Հենց իր այդ ողջամիտ, խելացի քայլով երեխան ինքն իրեն փրկել է հանցավոր մտադրություն ունեցող չափահասի ձեռքին խամաճիկ ու զոհ դառնալուց:
Բոլոր ժամանակակից երեխաները, որոնք օգտվում են համացանցային հնարավորություններից, պիտի գիտակցեն նաև հնարավոր վտանգները, պիտի տեղեկացված լինեն ու կարողանան իրենց անհանգստությունը առանց քաշվելու կիսել իրենց ծնողների կամ չափահաս այլ մերձավորի հետ:
Փահլևանյանն իր առաջին իսկ նամակում, երեխային առաջարկելով նկարահանվել մանկական ֆիլմերում ու սերիալներում, գումար վաստակել, իր համար սիրուն շորիկներ ու համեղ քաղցրավենիք գնել, միաժամանակ զգուշացրել է, որ հայրիկին ու մայրիկին տեղյակ չպահի, ոչ ոքի ոչինչ չասի:
Մայրը, կարդալով Փահլևանյանի առաջին նամակը, անհանգստացել է հենց այդ պայմանից. ութամյա երեխային նկարահանվելու առաջարկություն անողը ծնողներից խուսափելու պատճառ չուներ, եթե մտադրությունները կասկածելի ու հանցավոր չէին:
Մայրը փորձել է ինչ-որ բան իմանալ «Նարեկ Համբարձումյանի» մասին, սակայն նրա կայքում ոչ մի տեղեկություն չի գտել, միայն մի փիսիկի նկար է եղել:
Քանի որ Փահլևանյանը երեխային հենց սկզբից առաջարկել է հանդիպել, մայրը հախուռն կերպով երեխայի փոխարեն պատասխանել է՝ այո, կհանդիպենք, բայց ոստիկանությունում: Դրանից անմիջապես հետո «Նարեկ Համբարձումյան» կայքը փակվել է:
Սակայն ժամեր անց երեխան նույն «Նարեկ Համբարձումյանից» նոր նամակ է ստացել՝ նորից նույն առաջարկություններով:
Մայրը, վախենալով երեխայի անվտանգության համար, ցանկանալով բացահայտել երեխայի հետ կապ հաստատելու հարցում համառ այդ չափահասին, որպես ութամյա աղջնակ՝ մտել է գրագրության մեջ:
Դրվատելի է այս կնոջ ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, որովհետև այդ ակտիվության շնորհիվ հանրային մեծ վտանգավորություն ունեցող մի հանցավոր չի կարողացել իր դիտավորություններն իրականություն դարձնել ու խեղել մեկ կամ մի քանի մանկահասակ երեխայի կյանք:
Փահլևանյանը երեխային գրել է, թե իր նկարահանումները նորամուծություն են Հայաստանում, պետք է նկարահանի բջջային հեռախոսով և ուղարկի արտերկիր: Կվարձատրի՝ կախված նրանից, թե աղջիկն ինչ տեսարաններում կնկարահանվի:
Նկարահանումը տևելու է 30-45 րոպե, ոչ ոք պիտի չիմանա: Հետագա մի քանի օրերին Փահլևանյանը անընդհատ ընդգծել է իր այդ պայմանը՝ որ երեխան ծնողներին ոչինչ չասի:
Հարցրել է՝ նա գիտի՞ տղամարդու և կնոջ սեռական օրգանների մասին: Նկարագրել էր դրանք, նշել, որ աղջիկը կնկարահանվի, եթե ամաչկոտ չլինի:
Այնուհետև Փահլևանյանը, ստանալով «երեխայի» պատասխանները, ոգևորվել է ու գրել սեռական ակտերի տեսակների մասին, գրել, որ դրանք ցավոտ չեն: Ապա տեղեկացրել է, թե երեք սցենար ունի պատրաստ: Դրանք հերթով ուղարկելու է, որ երեխան սովորի: Նա հասցրել է ուղարկել երկու սցենար:
Կինը մեծ տհաճությամբ ու դժվարությամբ ներկայացրեց դրանք: Ըստ առաջին սցենարի՝ գործողությունը պիտի կատարվեր շինարարությունում: Երեխան պիտի այցելեր նրան: Պետք է հագներ թեթև շորիկ, առանց ներքնաշորի, որ նկարահանումը հեշտ ու արագ անցներ: Ապա նկարագրել է երեք տեսակի սեռական ակտ, որ պետք է նկարահանվեր առաջին սցենարով:
Փահլևանյանը անընդհատ առաջարկել է սկայպը միացնել, որ կարողնան տեսնել իրար: Ստանալով «երեխայի» պատասխանը, թե սկայպը փչացած է, միշտ դժգոհել է:
Առաջարկել է, որ հանդիպեն երեխայի շենքի տանիքում: Ասել է՝ մայրիկին կասես՝ գնում եմ զբոսնելու, կբարձրանաս տանիք, արագ փորձերը կկատարենք, կնկարահանեմ, ու կգնաս տուն: Ոչ ոք ոչ մի բան չի իմանա:
Տուժողի մայրն ասաց, թե ինքը անընդհատ ձգձգում էր, որ շահի նամակագրի վստահությունը, նրան դուրս բերի հանդիպման:
Փահլևանյանը գրել է, թե կարող են հանդիպել մինչև առավոտյան ժամը 9-ը կամ երեկոյան 18-ից հետո:
«Երեխան» առաջարկել է շնիկին էլ տանել հանդիպման, բայց Փահլևանյանը չի համաձայնել, ասել է՝ շունը կաղմկի, կխանգարի, ավելի լավ է՝ շնիկին փակիր սենյակում ու արի մենակ:
«Երեխան» առաջարկել է, որ 15-ամյա քրոջն էլ տանի նկարահանման, բայց Փահլևանյանը մերժել է, թե նկարահանվելու համար իրեն հարկավոր են... միայն 8-11 տարեկան աղջիկներ:
Բառացի նկարագրելով սեռական ակտը՝ նա պահանջել է, որ «երեխան» նույն բառերը կրկնի իր նամակում, որպեսզի պարզ լինի՝ հասկացա՞վ-չհասկացա՞վ, հետո էլ արագ սովորի ու նկարահանման ժամանակ «դերը» իմանա:
Փահլևանյանը նկարագրել է «նկարահանվելիք ֆիլմի» գործողությունները. կգաս, կնստես գոքիս, կհամբուրվենք... բոլոր գործողությունները բոլոր բառերով... Եվ ասել է, թե տանիքում նախ կպարապեն, աղջիկը լավ կսովորի, ինքն էլ կհամոզվի, որ նա ամաչկոտ չէ, նոր կնկարահանի ֆիլմում: Ասել է նաև, թե հեռուստաընկերություններում շատ ծանոթներ ունի, եթե աղջիկը իր ֆիլմում լավ նկարահանվի, կբարեխոսի, ու նրան կնկարահանեն նաև հանրաճանաչ սերիալներում:
Մայրը նշեց, որ երեխայի կայքում տեղադրված էին հենց երեխայի լուսանկարները, և Փահլևանյանը հաստատապես գիտեր, որ ութամյա երեխայի է գրում իր նամակները:
Փահլևանյանի պաշտպանը երեխայի մորը հարցրեց, թե ինչո՞ւ է նամակագրության մեջ մտել անծանոթի հետ, ինչո՞ւ նրան անմիջապես «սև ցուցակ» չի գցել:
Մայրը պատասխանեց, որ դա արել է իր երեխայի անվտանգության համար. ինքն ի՞նչ իմանար, որ այդ անծանոթը չի հետևում երեխային, որևէ վտանգավոր բան չի ձեռնարկի, հարկավոր էր պարզել, թե ով է նա:
Կինը հիշեց, որ նույն «Նարեկ Համբարձումյանը» նամակ էր ուղարկել նաև իրենց բարեկամի տասնամյա աղջկան, սակայն նրա մայրը զայրացել էր, երեխային պատժել, կայքն էլ փակել:
Պաշտպանը զարմանք հայտնեց, որ կինը այդքան երկար վարել է մի զրույց, որի բովանդակության մասին չի կարողանում լիարժեք բարձրաձայն խոսել, ինքը՝ պաշտպանն էլ խոստովանեց, որ տհաճությամբ է ընթերցել այդ գրագրությունը: Հետևաբար, նա տրամաբանական չէր համարում, որ կինը այդքան ձգձգել է նմանատիպ նամակագրությունը:
«Էդ ամբողջի միջով ես անցել եմ ատամներս սեղմած: Ես պետք է նրան դուրս բերեի հանդիպման»,- պատասխանեց մայրը:
Ու դուրս է բերել և, սեփական զգացմունքները, ապրած զզվանքն ու զայրույթը դնելով մի կողմ, նպաստել է հանցավոր դիտավորություն ունեցողի բացահայտմանը: Ընդ որում, այսօր տուժողի օրինական ներկայացուցիչը, դարձյալ դրսևորելով քաղաքացիական դիրքորոշում, չցանկացավ, որ իր հարցաքննությունը դռնփակ անցկացվի: Հեշտ չէր, բայց նա մարդաշատ դահլիճում հնչեցրեց նամակագրության բովանդակությունը՝ այդպիսով ոչ միայն տվյալ հանցագործության բացահայտմանը, այլև ընդհանրապես նմանատիպ դեպքերի նկատմամբ հասարակության զգոնությունը բարձրացնելուն նպաստելով:
Հաջորդ դատական նիստին կհարցաքննվի ութամյա աղջիկը: Մայրը համաձայնեց նրան դատարան բերել մեկ պայմանով՝ որ երեխայի հարցաքննությունը անցկացվի դռնփակ պայմաններում: Այստեղ արդեն մայրը պայքարում էր երեխայի հոգեկան անդորրը հնարավորինս պահպանելու համար: Նախագահողը ընդունեց միջնորդությունը:
Մայրն ասաց, որ երեխան մանրամասներ չգիտի: Նամակագրության բովանդակությունը նրան հայտնի չէ: Բայց ինքը բացատրել ու զգուշացրել է նմանատիպ դեպքերից:
Հաջորդ դատական նիստը՝ փետրվարի 25-ին, կանցկացվի դռնփակ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում