Իրանը և «վեցյակը» պայմանավորվել են բարձրացնել Վիեննայի բանակցությունների գաղտնիության մակարդակը
Աշխարհ
Իրանը և «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները և Գերմանիան) պայմանավորվել են բարձրացնել Վիեննայի բանակցությունների գաղտնիության մակարդակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած դիվանգիտական մի աղբյուր:
«Կողմերը պայմանավորվել են բարձրացնել գաղտնիության մակարդակը,-ասել է գործակալության զրուցակիցը:-Բազմաթիվ չլուծված հարցեր են մնում, և ցանկացած անզգույշ հայտարարություն կամ դրա մեկնաբանություն կարող են խանգարել գործընթացին»:
«Մենք շատ լարված փուլ ենք մտել, աշխատանքը ոչ մի րոպե չի դադարում,-հավելել է աղբյուրը:-Ամենագլխավորն այն է, որ բոլոր մասնակիցները հաստատում են արդյունավետ աշխատելու իրենց պատրաստակամությունը»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում հայտարարել է, որ դեռ հնարավոր է մինչև հուլիսի 20-ը համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Նրա խոսքով՝ «դեռ շատ աշխատանք կա»: Քերին ճշտել է, որ ԱՄՆ-ում ընդունում են Իրանի իրավունքը՝ զարգացնելու խաղաղ միջուկային ծրագիրը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում:
«Մենք այն կարծիքին ենք, որ Իրանը խաղաղ միջուկային ծրագրի իրավունք ունի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գծով պարտավորությունների շրջանակներում, և մենք աշխատում ենք, որպեսզի երաշխավորենք, որ այն իսկապես խաղաղ բնույթ ունենա, և Թեհրանը միջուկային զենք չստանա»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել