Ուկրաինայում մեկնարկել է խորհրդարանական ընտրարշավը
Աշխարհ
Ուկրաինայում օգոստոսի 28-ին մեկնարկել է ժողովրդական պատգամավորների արտահերթ ընտրությունների արշավը, որոնք նշանակված են հոկտեմբերի 26-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:
Նախօրյակին «Ուկրաինայի նաախգահի պաշտոնական բանբերում» հրապարակվել է «Ուկրաինայի Գերագույն ռադայի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին» պետության ղեկավարի հրամանագիրը: Այդպիսով, փաստաթուղթը համարվում է պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ է մտել օգոստոսի 27-ից:
Ինչպես պարզաբանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Օխենդովսկին, «Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների ընտրությունների մասին» օրենքին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացն սկսվում է Գերագույն ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ նախագահի հրամանագրի հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Ընդսմին ժողովրդական պատգամավորների թեկնածուների առաջադրումն սկսվում է ընտրական գործընթացի առաջին օրվանից, այսինքն՝ արդեն օգոստոսի 28-ից:
ԿԸՀ-ի հաշվարկների համաձայն՝ ժողովրդական պատգամավորների ընտրությունների կազմակերպման, նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ է 986 մլն գրիվնա, որը կհատկացվի պետբյուջեի պահուստային ֆոնդից:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին